«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Ո՞Ւմ ձեռքում է ավելը

Ո՞Ւմ ձեռքում է ավելը
20.02.2015 | 01:06

Փետրվարի 20-ը խոստանում էր ուրիշ օր լինել ԲՀԿ-ի համար: Խոստացվել էր հստակ ու առանց հետդարձի: Բայց 13-ին 20-ի ուրբաթը բոլորովին այլ էր թվացել, քան սկսեց թվալ արդեն մի քանի օր հետո, իսկ 18-ին փետրվարի 20-ի ուրբաթը դադարեց դեպի հայտարարված հաղթանակ տանող օր լինել ու դարձավ հարկադրական նահանջի օր, երբ չգիտես՝ ինչ ես կորցնում, ինչ գտար, երբ անում ես քայլեր, որոնց ոչ արդյունքները, ոչ հետևանքները արդեն դու չես որոշում: Անիմաստ է մեկ առ մեկ թվարկել անցած օրերի իրադարձությունները, առավել ևս, որ բոլոր իրադարձություններն էլ հայտնի դարձան այնքանով, որքանով՝ անթույլատրելի մեծ տարածք թողնելով ենթադրություններին ու գուշակություններին: Փետրվարի 12-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում դաշտը մաքրելու ու քաղաքական դարձնելու մասին իր խոստումնալից ելույթը ՀՀԿ նախագահը կարող էր ամրագրել շատ ավելի խոստումնալից ու ազդեցիկ գործով, եթե արդեն փետրվարի 18-ին նույն շիտակությամբ ու նույն վճռականությամբ Գագիկ Ծառուկյանի հետ միասին դուրս գար լրատվամիջոցների առաջ (թեկուզ միայն իր ընտրած) ու միասին հայտարարությամբ հանդես գային, թե ինչ են որոշել ու ինչու են որոշել: Քաղաքական դաշտը քաղաքական պահելու քաղաքակիրթ ճանապարհը դա է: Քաղաքական մշակույթը դա է: Բայց դա մեր դեպքը չէ: Մենք դրան պատրաստ չենք, մեր քաղաքական հավատամքը մուտիլովկան է, ոչ թե տրամաբանական ու կանխատեսելի քաղաքականությունը, որը երկիմաստության, տարընթերցումների, գուշակության տեղ չի թողնում ու տեղ չի թողնում քաղաքական տզրուկներին, որ պատեհ-անպատեհ մեջտեղ են գալիս ու իրենց արժևորում ուրիշների փեշի տակ: Հակառակը՝ նրանք պետք են, որ բազմակուսակցական քաղաքական գործընթացի տպավորությունը լիակատար լինի՝ իբր կան քաղաքական գործիչներ, իբր կարծիք ունեն, իբր տեսակետ են ձևավորում, իբր հասարակության ձայնն են հնչեցնում: Սուտ: Նրանք կան, քանի դեռ լռում է հասարակությունը:
Փետրվարի 18-ին Գագիկ Ծառուկյանի անունից տարածվեց հայտարարություն, որ «Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք: Միայն այդպես է հնարավոր վերացնել այն իրավիճակը, որն այսօր մենք ունենք մեր երկրում»: Մի քանի օրում նա հասկացել էր, որ «Վերջին օրերի գործընթացները մեր երկրում բոլորովին այլ ուղղությամբ են ընթանում, և դա որևէ բարի տեղ չտանող ուղղություն է, այսպես շարունակվելու դեպքում չի շահի ոչ մեկը և առաջին հերթին ժողովուրդը, այսպես շարունակել չի կարելի, հետո բոլորս մեղադրելու ենք ինքներս մեզ»: Նահանջի հիմքեր Գագիկ Ծառուկյանն ուներ՝ հիշելով, թե ինչ եղավ 2008-ի մարտի 1-ից հետո, ինչքան ու ինչպես, ու ինչ կարող է լինել իր և ԲՀԿ-ի հետ, երբ ինքը վերջնականապես հայտնվի իշխանության խրամատի հակառակ կողմում: Գագիկ Ծառուկյանն ընտրեց նոր մարտի 1-ի բացառումը՝ «Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե իշխանության, թե ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»: Խելամիտ ընտրություն էր: Բայց ինչո՞ւ այդքան ուշ, իսկ ի՞նչ էր կարծում, որ ինքը համաժողովրդական շարժման գրասենյակներ է բացելու ու համաժողովրդական շարժման դագանակը անվերջ թափահարելու է, իշխանությունն էլ շատ վախեցած լռելո՞ւ է: ՈՒ անկախ ամեն ինչից՝ ում ինչ կասի, ինչպես ու ինչու, Գագիկ Ծառուկյանը հիմա չպիտի՞ ներողություն խնդրի բոլոր նրանցից, ովքեր անկեղծորեն հավատացել են իրեն, ովքեր իր մեջ տեսել են իսկապես փոփոխությունների ցանկություն ու կարողություն ունեցող քաղաքական ուժի ղեկավարի ու քաղաքական գործչի, ովքեր պարզապես խաբված են: Թե՞ դա էլ քաղաքական մշակույթի այն որակն է, որ մենք չունենք ու չենք էլ գիտակցում անհրաժեշտությունը: «Մեր խոսքը գործ է, մեր գործը մենք ենք»՝ սա՞ է ԲՀԿ-ի իրական նշանաբանը:

ՈՒ եթե համարենք, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվեց փետրվարի 20-ի հանրահավաքից ու իշխանափոխության իր անհապաղ մտադրությունից, հեռանո՞ւմ է նա քաղաքականությունից: «Գագիկ Ծառուկյանը շարունակում է մնալ քաղաքականությունում և չի հրաժարվում պատգամավորական մանդատից»՝ հայտարարությունը ո՞ւմ հայտարարությունն է` Գագիկ Ծառուկյանի՞, ԲՀԿ-ի՞, թե՞ ՀՀԿ-ի: Իսկ այլևս իմաստ ունի՞: Չի հեռանում, հեռանում է, իշխանափոխություն է ուզում, չի ուզում՝ ո՞ւմ է դա այլևս հետաքրքրում: Բացի իր կուսակիցներից, մեկ էլ ոչիշխանական եռյակի կուսակցություններից: Կուսակիցները բրոունյան շարժման մեջ դեռ երկար կմնան՝ մինչև կարգավիճակի վերջնական պարզաբանում, որը արդեն դուրս է իրենց կուսակցական շրջանակից: Հետո կսկսեն ինքնահաստատման պայքար՝ նոր պայմաններում ու նոր ընտրություններում: Տիրոջ որոնումը հայոց քաղաքական ասպարեզի առանցքն է, որ բացատրվում է գաղափարի բացակայությամբ:
Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությո՞ւնը»: ՀԱԿ-ը հայտարարեց, որ «ըմբռնումով է մոտենում ԲՀԿ-ի հայտարարությանը և հավաստում, որ կօգտագործի քաղաքական պայքարի բոլոր միջոցները` իր գործընկերոջ նկատմամբ բռնությունները դադարեցնելու նպատակով»: Նաև՝ «շարունակելու է ապօրինի ռեժիմի հեռացման և Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար վճռական պայքարը»: Իսկ ի՞նչ էր մնում Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե ոչ այս հայտարարությունը: Ասեր, որ իր քաղաքագիտական վերլուծության հետևանքները ի՞նքն էլ չէր սպասում: Ի վերջո, առանց ԲՀԿ-ի ՀԱԿ-ի ձեռքն են տալիս «ավազակապետության» դեմ պայքարի դրոշն ու ասում են՝ առաջ, որովհետև գիտեն, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է հեղափոխության, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հետ երկխոսության պատմական փորձ ունի՝ թե իշխանություն եղած ժամանակների, թե ընդդիմություն: Վերջապես՝ ինչ-որ մեկը պիտի՞ լինի, որ համարվի, թե երկրում ընդդիմություն կա: Իրակա՞ն, անիրակա՞ն: Իշխանակա՞ն, ոչիշխանակա՞ն: Կառավարելի՞: Ո՞Ւմ է դա հետաքրքրում: Նա փայլուն հանրահավաք կանի մարտի 1-ին ու Ազատության հրապարակում քաղաքագիտական վերլուծություն կանի առ այն, որ համաժողովրդական շարժումը հերթական հաղթանակը տարավ՝ ստիպելով իշխանությանը անլուր ու տմարդի բռնությունների դիմել համաժողովրդական շարժման աննկուն ու աննահանջ ջահակիր ԲՀԿ-ի դեմ, բայց իշխանության ժամանակը արդեն սպառվում է, ու քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը անշեղ տանում է դեպի Շառլ դը Գոլի հաղթանակ: Երևանի փողոցներում մի քիչ պտտվելով` Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի մասնակիցներին տուն կուղարկի՝ մինչև փայլուն հաղթանակը գա իր դուռը ու ասի. «Չկա քեզ նմանը, դու ես միակն ու աննմանը»: Չի գա՝ չի գա: Կյանքը շարունակվում է, հայ-թուրքական հարաբերություններ կան, Ցեղասպանության 100-ամյակ կա, Ռոբերտ Քոչարյան կա, Աստված մի դուռ կբացի:
Եվ միայն իրավատեր Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 20-ին կգնա Ազատության հրապարակ ու հանրահավաք չստացվի, ասուլիս կանի՝ կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ո՞վ է ո՞ւմ գնահատում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անխոնջ ճշմարտաորոնումը հանգրվան գտնի հայրենակիցների սրտերում ու հոգիներում: Որ մի անգամ գտավ՝ ի՞նչ փոխվեց: Ո՞վ երկրորդ անգամ նրան կբարևի, թեկուզ ճշտորոշի ինքն իրեն ու գրի իր կյանքի 1001-րդ ուղերձը, նույնիսկ խոստանա ինքը հեռանալ, եթե հանուն հայրենիքի Սերժ Սարգսյանը «դուրս գա»: Կրկես, թատրոն, կինո՝ անվանեք ինչ ուզում եք, բայց իջեցրեք վարագույրը, հանդիսատեսն արդեն հեռացել է:
ՈՒ այս ամենից հետո ոչինչ չփոխվեց: Մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը իր նեղ շրջանակով, որտեղ ինքը Աստված է ու Աստծո մարգարեն երկրի վրա, Րաֆֆի Հովհաննիսյանը իր իրավատերությամբ ու անցյալի դափնիներով, Ռոբերտ Քոչարյանը, որ մի քանի օրում քաղաքական ուժ կորցրեց, որովհետև չցանկացավ բացահայտ ասել, որ ինքն ինքն է ու ինքը դեռ մտադրություններ ունի, և Սերժ Սարգսյանը, որ հաղթանակ տարավ, բայց հընթացս մանրեց իր հաղթանակը՝ անլուրջ է լուրջ հաջողություն համարել, երբ հաղթում ես նրան, ով չի պայքարում, իսկ դու պետության ամբողջ ռեպրեսիվ մեքենան աշխատեցնում ես նրա դեմ:
Անցած շաբաթվա ամենակարևոր հարցը հեղափոխականացած Գագիկ Ծառուկյանին «դարձի բերելը» կամ «դաշտից հանելը» չէր, ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերությունների հերթական դրսևորումները չէին, Ռոբերտ Քոչարյանի խաղաղության հարթակ վերադարձի կոչող հարցազրույցը չէր, Լևոն Տեր-Պետրոսյանի ազգային-ազատագրական ինքնաբուխ նամակը չէր: Անցած շաբաթվա միակ հարցն էր, թե ո՞վ է լինելու հաջորդ տասնամյակի նախագահը: ՈՒ բնավ միանշանակ չէր պատասխանը, որ այդ հարցը լուծելու է Սերժ Սարգսյանը: Գագիկ Ծառուկյանին նախագահի հավանական թեկնածուների ցանկից հանելը քիչ է, Ռոբերտ Քոչարյանին ուժի ցուցադրությունը քիչ է: Որքան էլ արտառոց թվա՝ քաղաքական դաշտում վերահաստատելով իր բացարձակ իշխանության կարգավիճակը՝ ՀՀԿ-ն հընթացս ինքնավարկաբեկման գնաց բոլոր նրանց ջանքերով, ովքեր մի քանի օր անդուլ ու անդադար բացահայտում էին՝ ով է Գագիկ Ծառուկյանը, ինչ է արել ու ինչ չպիտի անի: Դա ոչ թե քաղաքական լիկբեզ էր, այլ հաշվեհարդար: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ ինչ հայտարարեց, Սամվել Կարապետյանը եկել էր հանձնարարությամբ՝ կատարեց, ՀՅԴ-ին պետք էր բոնուս տալ՝ տրվեց: Բոլորն իրենց գործն արեցին, ծափերը հնչեցին, ծնծղաները մարեցին ու մնաց հարցը՝ ՀՀԿ-ն հասա՞վ իր նպատակին: Ծառուկյա՞նն էր նպատակը: Իսկ եթե հարցերը մնացին, ու հիմա արդեն հանուն ՀՀԿ-ի վարկի ու հեղինակության պիտի բացատրվի՝ կատարվեցի՞ն հանձնարարված հարկային ստուգումները: Եթե այո, ի՞նչ պարզվեց, եթե ոչ՝ ինչո՞ւ: Հարուցվեցի՞ն խոստացված քրեական գործերը, եթե այո՝ պատվիրատո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, թե՞ ոչ: «Համաներման» ի՞նչ գին վճարեց նա, ում տեղը քաղաքական դաշտը չէր, ու որտե՞ղ է նրա տեղը: Եթե քաղաքական դաշտը քաղաքական պիտի լինի, առաջին ու վերջի՞ն «չարիքն» էր Գագիկ Ծառուկյանը, թե՞ յուրայինների համար գործում են այլ օրենքներ, որոնք չեն տարածվում յուրայինների շրջանակից պոկվել ցանկացողների վրա: ՈՒ ընդհանրապես՝ ո՞ւմ ձեռքում է իրական ավելը:
Հայաստանի քաղաքական նեղ օրակարգում մնում են նույն խնդիրները՝ սահմանադրական բարեփոխումներ, համապետական ընտրությունների նախապատրաստություն, քաղաքական դաշտի վերադասավորում: Իսկ մեծ օրակարգում Լեռնային Ղարաբաղի հարցն է, Ցեղասպանության 100-ամյակը ու հայ-թուրքական հարաբերությունները: Մեծ օրակարգում երկիրը պահելու հարցն է, երբ ամեն օր սովածանում ես և ուտել ես ուզում, նորմալ կյանք ապահովող աշխատանք ես ուզում, հիվանդանում ես, բուժվել ես ուզում, սովորել ու ապրել ես ուզում: Իսկ քեզ ամեն օր բացատրում են, որ Հայաստանում ճգնաժամ է, բայց ամեն ինչ լավ է:
Քաղաքական ծափ ու ծնծղան ավարտվեց, մնաց մարդը, ում անընդհատ՝ կամա, ակամա խաբում են, իսկ նա հավատում է ու սպասում, որ երկնքից երեք խնձոր կընկնի իր համար: ՈՒ եթե ընկնում էլ է երբեմն, ընկնում է ոչ թե իր համար, այլ իր գլխին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ամենակարևորը, որ անցած շաբաթը ասաց, բայց գուցե ոչ բոլորն ընկալեցին քաղաքական շեփորների աղմուկի մեջ՝ դաշտը իսկապես մաքրվում է, բայց ինքնամաքրվում է, ինչպես ծովը ափ է նետում իր համար ավելորդը: Ավելը գործելու է հիմնավոր ու երկար՝ օրվա քաղաքական ռահվիրաները անհրաժեշտ պահին, անհրաժեշտ տեղում այլևս չեն հանդիպելու:

Դիտվել է՝ 1592

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ